AM
10 December 2003 - 14:37 AMT

ՀԱՊԿ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ 2,5 ԱՆԳԱՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ ծավալման հավաքական ուժերը 2004 թվականին կընդլայնվեն 2,5 անգամ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է Նորությունների Կասպյան գործակալությունը, կազմակերպության յուրաքանչյուր մասնակից երկիր կտրամադրի լրացուցիչ գումարտակ արդեն իսկ եղած ուժերին: Ներկայումս խմբավորումն ընդգրկում է շուրջ 1,5 հազար մարդ: «Խմբավորման ընդլայնումը կապված չէ տարածաշրջանում իրադրության լարվածության հետ, եւ առավել եւս չի ենթադրում մարտական գործողությունների իրականացում»,- ասել է Բորդյուժան: Նշենք, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում երեկ հավանության է արժանացվել ՀԱՊԿ միավորված կենտրոնակայանի, արագ ծավալման հավաքական ուժերի գործունեության վերաբերյալ մի շարք հիմնական փաստաթղթեր, ինչպես նաեւ քննարկվել են նրանց օպերատիվ կառավարմանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Համաժողովին Հայաստանը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: