Ելույթ ունենալով այս տարի Գործադիր կոմիտեի վերջին նիստում` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնել է, որ Լեհաստանում և Ուկրաինայում EURO-2012-ի կազմակերպման ամենաբարդ խնդիրը լուծվել է:
«Ես վստահ եմ, որ դա հիանալի առաջնություն է լինելու: Ոչ միայն ֆուտբոլային տեսակետից, այլև Լեհաստանի և Ուկրաինայի մթնոլորտի ու հյուրընկալության շնորհիվ»,- ասել է Պլատինին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այս շաբաթ ՈՒԵՖԱ-ի նախագահը ուշադրությամբ հետևում էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ամփոփիչ հանդիպումներին` ընդգծելով, որ անկախ թիմերի դասից և ուժից հանդիպումների ելքը որոշվում է անմիջականորեն ֆուտբոլային դաշտում:
«Ներկայիս խաղարկությունը մեզ բազմաթիվ անակնկալներ մատուցեց, և ես միշտ կհարգեմ այն թիմերին, որոնց անկախ ամեն ինչից հաջողվեց հաղթահարել խմբային փուլի արգելքը: Ներկայիս սեզոնում նրանցից փլեյ-օֆֆի մասնակիցներն են ԱՊՈԵԼ-ն ու «Բազելը»,- նշել է ՈՒԵՖԱ-ի նախագահը:






