90-ական թվականների սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից կռվել է մոտ 300 չեչեն վարձկան: Այդ մասին են վկայում Կովկասյան մեդիա-ինստիտուտի փորձագետ Հայկ Դեմոյանի «Ղարաբաղյան դրամա. գաղտնի գործողություններ» մենագրությունում ներկայացված փաստագրական նյութերը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով մենագրության հեղինակին, չեչեն վարձկանները հավաքագրվել են Ադրբեջանի եւ Չեչնիայի միջեւ ստորագրված ռազմական պայմանագրի հիման վրա, որի համաձայն չեչեն ղեկավարությունը պարտավորվել էր գրոհայիններ տրամադրել Ադրբեջանին` զենք եւ ռազմամթերք ստանալու պայմանով: Սակայն լուրջ կորուստներ կրելով` չեչեն գրոհայինները շուտով լքել են ղարաբաղյան ռազմաճակատը: Ադրբեջանական բանակի հետագա պարտությունները պաշտոնական Բաքվին ստիպել են դիմել Աֆղանստանի կառավարությանը` ադրբեջանական բանակին վարձկաններ տրամադրելու խնդրանքով: Հայկ Դեմոյանի մենագրությունում ներկայացված են նաեւ ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցի հուշագրությունները, որոնց համաձայն` ԱՄՆ հատուկ ուժերի նախկին ծառայողերը, որոնք մասնակցել են «Իրան-Կոնտրաս» գործողություններին, Ադրբեջան են տեղափոխել վարձկաններ եւ Տեխասում անցկացրել ադրբեջանցի օդաչուների վերապատրաստում: Սակայն, այն բանից հետո, երբ ԱՄՆ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն բացահայտել է Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների պայթյունների կազմակերպիչների հետ Ադրբեջանի կապերը` օգնությունը դադարեցվել է: