Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կրիվբասի» նկատմամբ: Դոնեցկի թիմի կազմում իր հերթական գոլն է խփել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Գոլեր խփել են նաև Դուգլաս Կոստան, Ժադսոնը և Լուիս Ադրիանոն:
Դոնեցկյան թիմի մարզիչ Միրչա Լուչեսկուն ընդգծել է, որ նա գոհ է հերթական 3 միավորներից և իր թիմը շարունակում է լավ արդյունքների շարքը: Իսկ հայ ֆուտբոլիստի մասին Լուչեսկուն ասել է հետևյալը. «Նա արագ գրոհող ֆուտբոլիստ է, որը գիտի թե ինչպես գործել: Մենք գիտենք նրա բոլոր որակները՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական: Նա խաղում է այնտեղ, որտեղ թիմը նրա կարիքն ունի: Մխիթարյանը հիմնական կազմի խաղացող է, իսկ դա արդեն լավ է: Եթե պետք լինի նրան օգտագործել որպես պաշտպան, նա խաղում է նաև այնտեղ. չէ՞ որ նա ունիվերսալ ֆուտբոլիստ է: Եթե ես Մխիթարյանին վստահում եմ բոլոր խաղերին, նշանակում է, որ ես նրանից գոհ եմ և որ նրա օգտակար գործողության գործակիցը համապատասխանում է մեր թիմին»: «Շախտյորը» հավաքել է 51 միավոր և մրցաշարի առաջին շրջանը եզրափակել է երկրորդ տեղում, իսկ 52 միավորով առաջատարն է Կիևի «Դինամոն»:






