AM
14 Դեկտեմբեր 2011 - 05:20 AMT

Kinderwall տերմինալներից օգտվող երեխաներն ամենից շատ փնտրել են հայերեն բովանդակությամբ նյութեր

2011-ի հունիսին Սյունիքի մարզի Գորայք գյուղում մեկնարկել էր այլընտրանքային կրթության նոր ձևաչափ առաջարկող «Kinderwall» պիլոտային նախագիծը։

Նախագծի շրջանակում Գորայք գյուղում գյուղապետարանի պատի մեջ տեղադրվել է 2 համակարգչային տերմինալ, որոնց միջոցով գյուղի երեխաները կարող են մուտք գործել կրթական կայքեր, օգտվել տարբեր համակարգչային ծրագրերից և ուսուցանող խաղերից:

Ծրագրի նախաձեռնող «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի» նախագահ Ալբերտ Պողոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռևս ամբողջական վելուծական-վիճակագրություն չի կատարվել, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաներն ամենից շատ այցելելն են հայալեզու կայքեր։

«Շատ են այցելել հայալեզու Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանը։ Օրինակ կարդացել են Տաթևի վանքային համալիրի մասին։ Խաղացել են նաև խաղեր, ընթերցել նորաձևության մասին և նույնիսկ հայկական լրատվական կայքեր այցելել»,-նշեց նա և ավելացրեց, որ Kinderwall-ից օգտվել են 5-ից 15 տարեկան երեխաներ։

Տերմինալները գյուղում միացված են 24 ժամ։ Ինտերնետը տրամադրել էր վաՍել-ՄՏՍ-ը մինչև 2 մեգաբիթ արագությամբ, իսկ ողջ պիլոտային ծրագիրը ֆինանսավորել է «Գորայք» գյուղում մասնաճյուղ ունեցող «Գեոթիմ» ընկերությունը։

Ալբերտ Պողոսյանը մտադիր է շարունակել ծրագիրը Հայաստանի այլ գյուղերում, սակայն նրա խոսքով, ցավոք, այս պահին նախագիծը հովանավորներ չունի։ 150 գյուղերում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 350 000 դոլար։ Ըստ Ալբերտ Պողոսյանի, այս գումարը բավարար կլինի ամեն գյուղում երկու տերմինալ տեղադրելու համար։

«Kinderwall»-ի նպատակն է Հայաստանում ներկայացնել նոր ձևաչափ. երեխաներին բաց խաղահրապարակի ձևով տրամադրել անսահմանափակ համակարգչային հասանելիություն` խթանելով նրանց ինքնուսուցման և բացահայտելու ունակությունները:

«Kinderwall»-ի գաղափարը հորինել էր հնդիկ պրոֆ.Միտրան։ Ըստ նրա հաշվարկների, եթե Հնդկաստանի տարբեր քաղաքներում պատի մեջ տեղադրվի ինտերնետին միացված համակարգիչ, ապա 5 տարվա ընթացքում 500 միլիոն 6-12 տարեկան երեխա կունենա համակարգչից և ինտերնետից օգտվելու նվազագույնից ավելի բարձր գիտելիքներ։