Օրերս Փարիզում տեղի ունեցավ ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ Ֆրանսուա Թյուալի «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը. Պաշարված ամրոց» գրքի շնորհահանդեսը, որը հրատարակվել է Ֆրանսիայի Միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի կողմից: Աշխատանքը ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, պատճառները, դրան առնչվող աշխարհաքաղաքական շահերը եւ հեռանկարները: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ֆ.Թյուալի գիրքն արդեն իսկ ուշադրության է արժանացել ֆրանսիական քաղաքական շրջանակներում, հատկապես հակամարտությունների ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետների մոտ: Ողջունելով նման խիստ արդիական աշխատության հրատարակումը` Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանն ընդգծել է, որ գիրքն իր կարեւոր լուման է ներդնում միջազգային հանրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության անաչառ ներկայացման գործում: