Նիդերլանդների Խաղաղության միջեկեղեցական խորհուրդը (ԽՄԽ) մտադիր է շարունակել ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների որոնման` ընթացիկ տարում սկսված նախագծի իրագործումը, ինչպես նաեւ իրականացնել ղարաբաղյան ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդման նախագիծ: Այդ մասին, ԼՂՀ ԱԳՆ-ում հանդիպման ընթացքում, տեղեկացրել են այդ կազմակերպության տնօրեն Վիլկո դե Յոգոյի գլխավորությամբ աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ԽՄԽ անդամները: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ նպատակով Խաղաղության միջեկեղեցական խորհուրդը նախատեսում է «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեին առընթեր նշանակել իր մշտական ներկայացուցչին: