Ամերիկյան դիվանագետների եւ վրաց առաջնորդների միջեւ նախօրեին կայացած շփումների ընթացքում Էդուարդ Շեւարդնաձեի Վրաստանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին հարց չի առաջադրվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռիչարդ Բաուչերը: «Նրա հետ մեր զրույցներում մենք իր հրաժարականի մասին հարց չենք քննարկել: Դա չի արել ոչ ԱՄՆ պետքարտուղարը եւ ոչ էլ դեսպանը»,- ընդգծել է Բաուչերը: Նա տեղեկացրել է, որ Թբիլիսիում ամերիկյան դեսպանը ներկայումս «անմիջական զրույցներ է անցկացնում Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդների հետ»: Բաուչերը պարզաբանել է, որ ԱՄՆ շարունակում են վրացական կողմի հետ քննարկել նոր ընտրություններում Վրաստանին աջակցություն եւ ԵԱՀԿ հետ համատեղ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Քոլլին Փաուէլի Թբիլիսի հնարավոր այցի մասին հաղորդագրություններին, ապա մամուլի քարտուղարի խոսքերով, «մոտ ապագայում ԱՄՆ պետքարտուղարը նման պլաններ չունի», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»: