AM
25 November 2003 - 13:57 AMT

ՋԱՎԱԽՔԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո հրաժարկանի դիմում է ներկայացրել նաեւ Սամցխե-Ջավախեթի շրջանի նահանգապետ Գելա Կվարացխելիան: Այժմ նրա պարտականությունները կատարում է փոխնահանգապետ Վաժա Բերիձեն: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, Վրաստանում այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ընթացքում նոյեմբերի 23-24-ը իրադրությունը այդ մեծամասամբ հայաբնակ տարածաշրջանում կայուն էր: Կայունության պահպանման անհրաժեշտության մասին է խոսվել նաեւ Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Արտյուշ Համբարձումյանի եւ Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեի հեռախոսազրույցի ընթացքում: Մինչդեռ, համաձայն աղբյուրի, Թբիլիսիում նոյեմբերի 23-ի գիշերը ծեծի են ենթարկվել Ախալքալաքի շրջանի մի խումբ գյուղացիներ: պարզելով, որ ախալքալակցի առեւտրականները խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են հօգուտ իշխանական «Հանուն նոր Վրաստանի» բլոկի, մի խումբ թբիլիսցիներ հարձակվել են վերջիններիս վրա եւ դաժանորեն ծեծել: Հետաքրքիր է, որ դեպքի առիթով Թբիլիսիի ոստիկանությունը դեռեւս որեւէ քայլ չի ձեռնարկել: