Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր սկզբունքային լուծումներ պարզապես գոյություն չունեն: Այդ մասին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նրա խոսքերով, կան այդ խնդրի կարգավորման 5-6 ընդունելի տարբերակներ: «Այնուամենայնիվ, մենք փորձում ենք նոր մոտեցումներ գտնել, այլ տեսանկյունից նայել խնդրին: Հենց այդ ուղղությամբ էլ մենք աշխատել ենք այս տարվա ընթացքում, եւ հնարավոր է, մենք նոր գաղափարներ կունենանք` ոչ թե առաջարկներ, այլ նոր գաղափարներ», – հայտարարել է նա: Այժմ, երբ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում արդեն ետեւում են, հիմնախնդրի լուծման համար լավ հնարավորություններ են առաջացել, նշել է Ռուդոլֆ Պերինան: «Եթե գոյություն ունի հիմնախնդրի լուծում գտնելու հույս, ապա այժմ դրա համար ամենահարմար պահն է: Եվ մենք ցանկանում ենք օգտվել դրանից», – նշել է ամերիկացի դիվանագետը: «Մենք գտնում ենք, որ այս հակամարտության ապագա հանգուցալուծումը եւ Լեռնային Ղարաբաղի վեջնական կարգավիճակը պետք է մշակվեն բազմակողմ բանակցությունների ընթացքում եւ ընդունելի լինեն բոլոր կողմերի համար: Միայն փոխադարձ համաձայնության վրա հիմնված նման որոշումն իրական խաղաղություն եւ կայունություն կբերի տարածաշրջան», – ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը: