AM
10 January 2012 - 05:39 AMT

Մոսկվայում պայթյունի հետևանքով 5 հայ է տուժել

Մոսկվայի հարավ-արևմուտքում Il Pittore իտալական ռեստորանում կենցաղային գազի պայթյունի արդյունքում 37 տուժածների թվում կան հայեր, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Նախնական տվյալներով նրանք հինգն են` 52-ամյա Սվետլանա, 3-ամյա Նիկա, 39-ամյա Վիկտորիա Աղաջանովները, 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանն ու այդ ռեստորանի 36-ամյա հրուշակագործ Սիրանուշ Եղոյանը: Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է կայուն:

Հունվարի 9-ին Մոսկվայի Il Pittore իտալական ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալների համաձայն, հրդեհի արդյունքում տուժել է ավելի քան 30 մարդ, երկուսը զոհվել են ավերակների տակ: Հիվանդանոց է տեղափոխվել 32 մարդ: