«Բարսելոնայի» և Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ անգամ անընդմեջ արժանացել է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակին»: Արգենտինացին 2010-2011թթ. խաղաշրջանի արդյունքում ճանաչվել է ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն խաղացող, իսկ 2009 ՖԻՖԱ-ի վարկածով՝ լավագույն խաղացող և արժանացել է «Ոսկե գնդակի»: Մեսսին, այսպիսով, կրկնել է Միշել Պլատինիի նվաճումները:
«Դա անհավանական պատիվ է: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ, իմ ընկերների, «Բարսելոնայի» իմ գործընկերների և Արգենտինայի հավաքականի օգտին: Ինձ համար սա հատուկ մրցանակ է: Ես պատրաստվում եմ այն կիսել Խավիի հետ: Մենք չորրորդ անգամ ենք Ցյուրիխի մրցանակաբաշխությանը, և հավատացե՛ք, նրա հետ խաղալն իսկական հաճույք է»,- Մեսսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
2011թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գվարդիոլան, ում ղեկավարության ներքո «Բարսելոնան» նախորդ տարի շահել է հինգ մրցանակ:
Լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել Ճապոնիայի հավաքականի ավագ Հոմարե Սավան, իսկ Նորիո Սասակին, ում ղեկավարությամբ ճապոնուհիները դարձել են աշխարհի չեմպիոններ, ստացել է կանանց ֆուտբոլի լավագույն մարզչի մրցանակը: Ֆերենց Պուշքաշի անվան մրցանակը` տարվա ամենագեղեցիկ գոլը, տրվել է Նեյմարին այն գոլի համար, որը նա խփել էր նախորդ տարվա հուլիսին «Ֆլամենգոյի» դարպասին:
ՖԻՖԱ-ի/ FIFPro սիմվոլիկ կազմի մեջ են ներառվել Իկեր Կասիլիասը(«Ռեալ»), Դանիել Ալվեսը («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ժերար Պիկեն («Բարսելոնա»), Նեմանյա Վիդիչը(«Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրես Ինիեստան («Բարսելոնա»), Խաբի Ալոնսոն («Ռեալ»), Խավի Էրնանդեսը («Բարսելոնա»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), և Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ»):






