Ռուսաստանի Պետական դումայում դեկտեմբերի 7-ին նախատեսված ընտրություններում մասնակցելու համար կուսակցությունների եւ նախընտրական բլոկների ցուցակներում հաշվվում է ավելի քան 30 հայ: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, նրանցից մեծ մասը Ռուսաստանի խորհրդարանում ընտրվելու այնքան էլ մեծ հավանականություն չունի, քանզի կուսակցությունները, որոնց ցուցակներով նրանք գնում են ընտրությունների, դժվար թե հավաքեն անհրաժեշտ քանակության ձայներ: Այնուամենայնիվ, նրանցից շուրջ տասը առաջադրված են քաղաքական այն միավորումներից, որոնք իվիճակի են հավաքել ձայների անհրաժեշտ քանակություն: Այսպես, «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցուցակում նշված է երկու հայ` Պետդումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովը եւ Պետդումայի պատգամավոր, անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Ստեփան Շորշորովը: Եվս երկու հայ կա «Ռուսաստանի վերածննդի կուսակցության-Ռուսաստանյան կյանքի կուսակցության» ցուցակում` «Ալիք» ՁԹ6 հեռարձակման կենտրոնի» գլխավոր տնօրեն, Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցության նախագահ Լեւոն Չախմախչյանը եւ նույն կուսակցության գործադիր կոմիտեի բաժնի վարիչ Սերգեյ Մաղդեսյանը: Կան հայեր նաեւ Վ.Ժիրինովսկու ղեկավարած Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունում: Նրանք են Պետդումայի պատգամավոր Աշոտ Գեւորգյանը եւ «Պրեմյեռ Ավիա» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ Միհրան Ճաղարյանը: Երկու հայ թեկնածու կա Կոմկուսի ցուցակում` Պետդումայի պատգամավորի օգնական Արմեն Բենիամինովը եւ թոշակառու Սեմյոն Բաղդասարովը: Ռուսաստանի «Հայրենիք» ժողովրդա-հայրենասիրական միության ցուցակում նշված են Ռուսաստանի քարածխային արդյունաբերության աշխատողների անկախ պրոֆմիության նախագահի տեղակալ Ռուբեն Բադալովը եւ «Ալթայվագոն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Խաչատուրյանը: Եվ մեկ հայ է ընդգրկված «Ռուսաստանի ժողովրդական կուսակցության» ցուցակում` Պետդումայի առողջության պահպանման եւ սպորտի հարցերով կոմիտեի անդամ Իգոր Խանկոեւը: