AM
10 November 2003 - 19:15 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրախորհրդի դիտարկումը Հայաստանում կշարունակվի մինչեւ հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, քանի որ հանրապետությունը դեռեւս պետք է ապացուցի, որ ի զորու է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել: Այդպիսի որոշում է կայացվել նոյեմբերի 5-ին Փարիզում` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովի նիստում: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, համաժողովին մասնակցած Աժ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշել է, որ ԵԽԽՎ նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում դիտարկման վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը, որտեղ այլ հարցերի թվում շոշափվել է նաեւ 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հարցը: Զեկույցում, մասնավորապես, ասվել է, որ նախագահական ընտրությունների ընթացքում նկատվել են ընտրական օրենսդրության բազմաթիվ խախտումներ: Ընդ որում, ընդգծվել է, որ կեղծարարությունն իրականացվել է նախագահի պաշտոնի գրեթե բոլոր թեկնածուների կողմնակիցների կողմից, եւ այնքան զանգվածային բնույթ չի կրել, որ կասկածի տակ դներ ընտրությունների արդյունքները: Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում ասվել է, որ դրանք նույնպես չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, սակայն ընթացել են ավելի ժողովրդավարաբար, քան նախագահական ընտրությունները: Դիտարկման հանձնաժողովի անդամները Հայաստանին առաջարկել են ուղղումներ կատարել Ընտրական օրենսգրքում` հետագայում այս ընտրություններում տեղ գտած խնդիրներից խուսափելու նպատակով: Մասնավորապես, եվրոպական խորհրդարանականներն առաջարկում են փոխել ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը, ընդլայնել դիտորդների լիազորությունները, առավել թափանցիկ դարձնել ձայների հաշվարկման գործընթացը: