Այսօր, հունվարի 19-ին լրանում է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարին: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Ստամբուլում տեղի կունենան Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակից երթ է սկսվել դեպի «Ակոս» թերթի խմբագրություն: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել աղբյուրը Ստամբուլում, այս տարի մասնակիցները շատ ավելի շատ են, քան նախորդ տարիներին: «Դժվար է ասել, թե որքան մարդ է հավաքվել, կարող եմ ասել միայն, որ ամբոխը հրապարակի գլխավոր փողոցներից մեկով ձգվում է գրեթե մոտ 1 կմ-ով»,-ասել է աղբյուրը:
Ցուցարարների առջևից գնում են Դինքի ընտանիքի անդամները, իսկ մարդիկ վանկարկում են «Մենք բոլորս Հրանտ ենք»: Արդեն մարդիկ են հավաքվում նաև «Ակոսի» խմբագրության մոտ:
Այսօր` հունվարի 19-ին, լրանում է հայ-թուրքական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցը: 2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվել էր հենց իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման:
Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:
Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելին և 10 տարի ազատազրկման Յասին Հայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ: