Վիկ Դարչինյան -Շինուսուկե Յամանակա մենամարտը կկայանա ոչ թե ապրիլի 1-ին, այլ 6-ին, հայտնել է հայ բռնցքամարտիկի փրոմութեր Գերի Շոուն: Մենամարտը տեղի կունենա Տոկիոյում: Բռնցքամարտիկները մրցելու են ճապոնացու WBC չեմպիոնական գոտու համար:
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի վերադարձնեմ WBC կոչումը: Ես մի նպատակ ունեմ և կանեմ ամեն բան, որպեսզի այս մենամարտին լավագույն մարզավիճակում լինեմ: Ես և իմ թիմը պատրաստ ենք մենամարտին: Ոչինչ չի խանգարի ինձ Ճապոնիայից չեմպիոնի կոչմամբ վերադառնալ»,-Դարչինյանի խոսքը փոխանցում է eastsideboxing.com-ը:
Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասսերի խոսքով, Յամանական լավ բռնցքամարտիկ է և պետք է անի ամեն բան, որպեսզի հաղթանակի. «Սակայն ես կարծում եմ, որ Վիկին կհաջողվի հաղթել նրան, քանի որ նա փորձառու և ուժեղ մարզիկ է: Դարչինյանի թիմը պատրաստ է աշխատանքի: Ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել WBC և Յամանակայի թիմին նրա համար, որ համաձայնել են այս մենամարտին»:






