Երկուշաբթին՝ հունվարի 23-ը անսովոր բուռն է լինելու, հետաքրքիր ու խոստումնալից: Հայկական ԶԼՄ-ների հիմնական ուշադրությունն այսօր սևեռված է երեք երկրների՝ Ֆրանսիային, Ռուսաստանին ու Բելգիային:
Փարիզ. Այսօր Ֆրանսիայի Սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Այդ կապակցությամբ Փարիզում նախատեսվում են ակցիաներ ի պաշտպանություն օրինագծի:
Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ հանդես եկավ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը՝ հաշվի առնելով այդ օրինագծին դեմ հանդես եկող սենատորների միջնորդությունը: Առաջարկությունն ընդունվեց 23 «կողմ», 9 «դեմ», 8 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ, հայտնում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքը: Արդյունքում Սենատը մինչ օրինագծի վերաբերյալ ընդհանուր քվեարկությունը «հաշվի կառնի նաև վերոնշյալ հանձնաժողովի որոշումը»:
Օրինագծի քննարկումը Սենատում կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին:
Սոչի. Այսօր Սոչիում տեղի կունենա Հայաստասնի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որի կազմակերպման նախաձեռնողը Մեդվեդևն է: Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Ադրբեջանի ԱԳՆ 2011թ. հաշվետվությունը, որտեղ ասվում է, որ պաշտոնական Բաքուն «հանդես է գալիս ղարաբաղյան խաղաղ կարգավորման ամփոփիչ փաստաթղթի վրա աշխատանքը շուտափույթ կերպով սկսելու օգտին և կոչ է անում միջազգային հանրությանը առավել հետևողական ու վճռական լինել ղարաբաղյան կարգավորման հարցում՝ նպատակ ունենալով պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության, կայունության ու համագործակցության վերականգնման համար»: Վերջին փոփոխությունները Ադրբեջանի վարքագծում ու նրա խաղաղարար ելույթները զգուշավոր է պետք ընդունել՝ հավանաբար, այսօպրվա հանդիպումը կավարտվի բանակցությունները շարունակելու կողմերի հերթական դեկլարատիվ հայտարարությամբ»: Եթե իհարկե Ալիևն անակնկալներ չի պատրաստել:
Բրյուսել. Այսօր Բելգիայի մայրաքաղքում ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես սպասվում է, հավանություն կտան Իրանի ու Սիրիայի դեմ պատժամիջոցների խստացմանը: Իրանի հարցում նախարարները պետք է փուլային արգելք սահմանեն ԵՄ երկրներ Իրանից նավթի ու նավթամթերքի արտահանման համար: Ըստ դիվանագիտական աղբյուրների, մինչ հուլիսի 1-ը ԵՄ բոլոր անդամները, որոնք նավթ են գնում Իրանից, պետք է ամբողջությամբ դադարեցնեն նավթի ներկրումն այդ երկրից: Ակնկալվում է նաև, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները սահմանափակող միջոցներ կձեռնարկեն Իրանի ԱԲ ֆինանասական գործողությունների վերաբերյալ՝ թույլ չտալու համար երկրի միջուկային ծրագրի ֆինանսավորմանն առնչվող տրանզակցիաներ:
Թեև արևմտյան երկրներն ու միջազգային կազմակերպությունները պնդում են, որ մտադիր չեն ռազմական գործողություն սկսել Թեհրանի դեմ, կարելի է ենթադրել, որ միջոցների խստացումն, ըստ արդեն ավանդական դարձած սցենարի, աստիճանաբար կհանգեցնի Իրանի դեմ պատերազմի:
Այսպիսով, հունվարի 23-ի երեկոյան պարզ կդառնա. կդատեն արդյո՞ք Ֆրանսիայում Ցեղասպանությունը ժխտելու համար, առաջընթաց կլինի՞ Ղարաբաղի հարցում և ե՞րբ ակնկալել Իրանի դեմ պատերազմը: