Նոյեմբերի 2-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով Վրաստանի երեք հայաբնակ Ախալքալաքի, Նինոծմինդաի, Ծալկաի շրջաններում մեծամասնական կարգով ընտրվել են հայազգի պատգամավորներ: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, Ախալքալաքի շրջանում, նախնական տվյալների համաձայն, Համլետ Շախբեկյանը հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին, նրան հաջորդում է Համլետ Մովսիսյանը` քվեների 25 տոկոսով: Նինոծմինդայի շրջանում առաջադրված թեկնածուներ Հենզել Մկոյանը եւ Մհեր Գրիգորյանը ստացել են ընտրողների ձայների համապատասխանաբար 60 եւ 40 տոկոսը: Ծալկայի շրջանում 14 հազար ընտրողներից Հայկ Մելքոնյանի օգտին քվեարկել է ընտրողների կեսից ավելին: Ավելացնենք, որ Ախալքալաքի շրջանի որոշ տեղամասերում ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել` ընտրողների նվազագույն մասնակցության պատճառով: Ի դեպ, նման իրավիճակ է ստեղծվել նաեւ Վրաստանի մյուս շրջաններում: