Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Կասյանովը հանձնարություններ է տվել համապատասխան գերատեսչություններին` կանոնակարգել բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են «գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանին մի շարք հայկական ձեռնարկությունների փոխանցման գործընթացին: Այդ մասին Երեւանից մեկնելուց առաջ լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միռոնովը` անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե իբր ռուսական կողմը նկատելիորեն սառել է տվյալ համաձայնագրի նկատմամբ: Նրա խոսքերով, այդ գործընթացում ընդամենը առկա է կոնկրետ ցանկի արձանագրությունների տարաբնույթ ընթերցում: «Այդ թեման քննարկվել է նաեւ Հայաստանի վարչապետի հետ իմ հանդիպման ժամանակ, եւ այստեղ բացարձակ որեւէ տարակարծություն չկա: Ես չեմ կասկածում, որ բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն», – հայտարարել է Ս.Միռոնովը: Նշենք, որ ավելի վաղ հայկական գործակալությունները հաղորդագրություններ էին տարածել այն մասին, որ ռուսական կողմը դժգոհ է Հայաստանի հետ կնքած պայմանագրից եւ նախատեսում է վերանայել համաձայնագրով ստացած Հայաստանի` «Մարս» գործարանը, Նյութաբանության ԳԱԱ, Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ եւ Կառավարման ավտոմատ համակարգերի ԳՀԻ ձեռնարկությունները ընդգրկող ցուցակը: