Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոխզիջումները պետք երկուստեք ընդունելի լինեն: Այդ մասին, ըստ ադրբեջանական «Էխո» թերթի, պատասխանելով լրագրողների հարցերին երեկ Բաքվում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Հիշեցնենք, որ Ռ.Շուգարյանը գլխավորում էր հայկական պատվիրակությունը հոկտեմբերի 30-31-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին: Թերթի համաձայն, հայ դիվանագետի խոսքերով, Հայաստանը պատրաստ է փոխզիջումների` «հակառակ դեպքում չէր նստի բանակցությունների սեղանի շուրջ»: Պատասխանելով այն հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ Հայաստանը` դիվանագետը հայտարարել է. «Այնպիսի զիջումների, որոնք մենք հնարավոր կհամարենք` ելնելով Փարիզում եւ Քի-Ուեսթում ձեռքբերված բանակցային հիմքից»: Միաժամանակ Ռ.Շուգարյանը գտնում է, որ «Ղարաբաղի առնչությամբ ընդունված ցանկացած որոշում ոչ միանշանակորեն կընդունվի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության կողմից»: Քանի որ, նրա կարծիքով, գոյություն չունի որոշում, որն ամբողջովին բավարարեր երկու երկրներին: Միեւնույն ժամանակ, հայ դիվանագետը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղին ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունն անընդունելի է Հայաստանի համար: «Դրա համար պետք է պարզել, թե ինչ է նշանակում ինքնավարություն եւ ինչ է նշանակում ամենաբարձր կարգավիճակ: Նման ձեւակերպում գոյություն չունի: Այժմ մենք չպետք է փորձենք կանխորոշել բանակցությունների ելքը», – ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պատրաստած այսպես կոչված «նոր առաջարկներին», ապա Ռ.Շուգարյանը նշել է, որ «առաջարկների հիմքը, դրանց մանրամասները, ինչքան մեզ հայտնի է, մնում են նույնը` այնպիսին, ինչպիսին կային»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես պետք է «ինչ-որ ձեւաչափով» միանա բանակցային գործընթացին: