Թուրքիան չի կարող այլևս շարունակել ազգային փոքրամասնությունների ու պատմության հարցում իր քաղաքականությունը: Նման կարծիք է հայտնել թուրք պատմաբան, ԱՄՆ Քլարքսի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
«Չեմ կարող ասել, թե երբ կկիրառվի օրինագիծը, սակայն նրա ընդունումը մեծ հաղթանակ է միջազգային մակարդակով»,-ասել է պատմաբանը:
Ըստ Աքչամի, եթե միջազգային հանրությունը ցանկանում է կանխել ցեղասպանություններն ու ջարդերը, հարկավոր է վերջ տալ ժխտողական քաղաքականությանը:
«Թուրքիան պետք է հասկանա, որ սպառնալիքները միջազգային խաղացողին վայել չեն, նա չի կարող ահաբեկել մյուս երկրներին 1915թ. հարցում նրանց դիրքորոշման առումով»,-ասել է նա:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: