Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի հակազդեցությանը, Ֆրանսիայի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես հայտնում է AZE.az-ը, Ադրբեջանը պատրաստ է աջակցելու Թուրքիային և համապատասխան քայլեր ձեռնարկել Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագիծն ընդունելու դեմ:
«Ադրբեջանը աջակցելու է Թուրքիային և Ֆրանսիային համարժեք պատասխան կտա : Այդ մասին SalamNews-ին հայտնել է Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ, «Ենի Ադրբեջան» կուսակցության անդամ Բահար Մուրադովան: Նրա խոսքով, Ադրբեջանի խորհրդարանը, հասարակությունը և ամբողջ երկիրը բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի օրենքը չընդունվի:
«Մենք ջանում էինք, որ օրինագծի դեմ ճնշումները իրականացվեին հենց Ֆրանսիայի ներսից, և բազմիցս հայտարարել ենք, որ այդ օրենքը հակասում է ֆրանսիական ժողովրդի շահերին և ժողովրդավարական արժեքներին: Ինչ-որ առումով այն իր ազդեցությունն ունեցավ, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, որ օրինագիծը հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը»,-ընդգծել է Մուրադովան:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:
Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:
Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: