AM
31 October 2003 - 13:54 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության գոտի կայցելեն դեկտեմբերի առաջին տասնօրյակին: Այս մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` այցի ժամկետների հետաձգումը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի նոր նախագահին առաջին հերթին անհրաժեշտ է «առանցքային ներքին հարցեր» լուծել:
«Մինսկյան» համանախագահների այցը տարածաշրջան ենթադրվում է դեկտեմբերի 1-2 հոլանդական Մաաստրիխտ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների 11-րդ նիստից հետո: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, ղարաբաղյան կարգավորման բանակցություններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը տեղեկացրել էր, որ մաաստրիխտյան նիստի ընթացքում քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: