AM
30 October 2003 - 14:52 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԾ ՀԱՅԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Ամերիկյան «New York Life» ապահովագրական ընկերությունը հրապարակել է ապահովագրերի տնօրինող այն հայերի ցուցակը, որոնք մինչեւ 1915 թ. ցեղասպանությունը բնակվել են Օսմանյան Թուրքիայի տարածքում: Փաստաբանների հայկական ասոցիացիայի տեղեկատվության համաձայն, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ԱՄՆ ֆեդերալ դատարանի արխիվներից վերցված ցուցակում կա ավելի քան 2300 ապահովագրված անձ: Սակայն դեռեւս հայտնի չէ, նշում են ասոցիացիայի անդամները, թե արդյոք այդ ցանկն ամբողջական է եւ ինչպիսի պայմաններում է այն ստեղծվել: Ցուցակներում նշված է ապահովագրական նախնական անվանական գումարը` արտահայտված ֆունտ ստեռլինգով եւ ֆրանսիական ֆրանկով: Հիշեցնենք, որ վերջերս կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ենթադրում է աջակցություն Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին ապահովագրական վճարումներ ստանալու գործում: Համաձայն Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդման, «Հայոց զոհերի արդար ապահովագրության ակտ» անվանումով փաստաթուղթը թույլ կտա ԱՄՆ-ին ապահովագրական ընկերություններից պահանջել 1875-1923 թթ. Հայոց ցեղասպանության ժամանակների արխիվների բացում եւ այդ ժամանակաշրջանի ապահովագրերի սեփականատերերի ցուցակների տրամադրում: Նշենք, որ 19-րդ դարի վերջում Օսմանյան Թուրքիայում աշխատող մի շարք խոշոր ամերիկյան եւ եվրոպական ապահովագրական ընկերություններ ակտիվորեն ապահովագրեր են վաճառել հայերին, որոնք հետագայում սպանվել կամ արտաքսվել են այդ երկրից: