Թուրքիան պետք է լուծի իր պատմական հարցերը, եթե ցանկանում է մինչ 2023թ. հայտնվել աշխարհի առաջատար 10 էկոնոմիկաների թվում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ, գրում է «Հյուրիեթը»:
«Յուրաքանչյուր երկիր ունի այնպիսի պատմական պահեր, որոնցով կարելի է հպարտանալ: Սակայն, կան նաև ցավալի պահեր: Կարծում եմ, որ պատմաբանները պետք է լուծեն այդ հարցը արդարացի ու ազնիվ կերպով»,-նշել է նա:
Անդրադառնալով Ֆրանսիայի հետ լարված հարաբերություններին՝ Ֆրենսիս Ռիկարդոնեն ասել է. «Հուսով ենք, որ մեր գործընկերներ Ֆրանսիան ու Թուրքիան կկարգավորեն առկա տարաձայնությունը»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: