Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ ֆրանսիացիները դեմ հանդես կգան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Լուսավորության շրջանում Ֆրանսիան հիմնվում էր բանականության վրա: Սարկոզիի էպոխայի Ֆրանսիան դոփում է դոգմաների, անիմաստությունների և նախապաշարմունքների վրա: Թուրքիան հույս ունի , որ ֆրանսիացիները դեմ հանդես կգան օրինագծին»,-ասել է Էրդողանը` հեռուստատեսային ելույթի ընթացքում:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:
2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:
Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: