Կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկման են ներկայացրել մի օրինագիծ, որը ենթադրում է աջակցություն Հայոց ցեղասպանության զոհերին ապահովագրական վճարումներ ստանալու գործում: Համաձայն Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) հաղորդման, այդ փաստաթուղթը` «Հայոց զոհերի արդար ապահովագրության ակտը» ԱՄՆ հնարավորության կտա ապահովագրական ընկերություններից պահանջել Հայոց ցեղասպանության ժամանակների (1875-1923 թթ.) արխիվների բացում եւ այդ ժամանակաշրջանի ապահովագրատերերի ցուցակների տրամադրում: ԱՀԴՀ-ի կարծիքով` տվյալ նախաձեռնությունը կօգնի պարզաբանել ցեղասպանության զոհերին մինչեւ այժմ բոլոր պարտքերը չվճարած ապահովագրական ընկերությունների իրավաբանական պարտավորությունները: Նշենք, որ 19-րդ դարի վերջում Օսմանյան Թուրքիայում աշխատող խոշոր ամերիկյան եւ եվրոպական ապահովագրական ընկերություններ ապահովագրեր են վաճառել տասնյակ հազարավոր հայերի, որոնք հետագայում սպանվել կամ արտաքսվել են այդ երկրից: Ավելի քան 80 տարի է անցել եւ շատ ընկերություններ մինչեւ այժմ չեն վճարել այդ ապահովագրերով նախատեսված գումարները` ցեղասպանության զոհերի ժառանգներից պահանջելով ներկայացնել մահվան վկայականներ եւ այլ փաստաթղթեր: