AM
16 October 2003 - 16:52 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

«Անցկացված ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»,- այսօր Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար, շվեյցարացի խորհրդարանական Ջովաննի Քեսլերը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, ընտրությունների ընթացքում տեղ են գտել «բռնության բազմաթիվ փաստեր, հնչել են նաեւ բռնության կոչեր, երբեմն նկատվում էր ոստիկանության կողմից ավելորդ ուժի կիրառում»: ԵԱՀԿ դիտորդները անցած ընտրությունների առավել բացասական կողմեր են համարել ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումը, այդ թվում նրանց ձերբակալումը երկար ժամանակով, կաշառելու փորձերը: Դիտորդները նշել են, որ իրենց անհանգստացնում են հաղորդագրություններն ընտրողների դիմակայության եւ միմյանց նկատմամբ «որպես թշնամիների, այլ ոչ որպես ընդդիմախոսների» թեկնածուների վերաբերմունքի վերաբերյալ»: «Եթե Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում ընտրությունները ժողովրդավարական չեն, ապա այդ երկրին շատ դժվար կլինի ձեռք բերել ժողովրդավարական երկրի իմիջ»,- ընդգծել է, իր հերթին, Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների առաքելության ղեկավար Պիտեր Այքերը: «Ես հիասթափված եմ: Ադրբեջանը ձեռքից բաց թողեց ընտրությունների ժողովրդավարական անցկացման գործընթացը»,-ընդգծել է նա: