Հայաստանի եւ Բելառուսի առեւտրա-արդյունաբերական պալատներն այսօր ստորագրել են «Տեղեկատվության փոխադարձ փոխանակման մասին» համաձայնագիր: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) մամուլի ծառայությունը, տվյալ փաստաթուղթը Հայաստանի եւ Բելառուսի գործարար շրջանակներին թույլ կտա ճիշտ տեղեկատվություն ստանալ այդ երկրներում արտադրվող ապրանքների վերաբերյալ, գտնել գործընկերներ եւ ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառությունը: ՀԱԱՊ-ի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքերով` բելառուս ձեռներեցների նախօրեին Հայաստան կատարած այցի շրջանակներում արդեն նախապատրաստվել են առաջարկություններ` Երեւանի քաղաքապետարանի կողմից Մինսկի ավտոգործարանի ավտոբուսների գնման մասին, իսկ Բելառուսի կողմից` հայկական բժշկական սարքավորումների գնման մասին: