Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը եւ Հայաստանի ԱԳՆ քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Աշոտ Ոսկանյանը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել արտաքին քաղաքական պլանավորման հարցերի շուրջ: Ինչպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են միջազգային հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ` ներառյալ իրադրությունը Հարավային Կովկասում: «Զրուցակիցներն արձանագրել են ՄԱԿ-ի կենտրոնական դերի եւ միջազգային իրավունքի ամրապնդմամբ անվտանգ, արդար եւ ժողովրդավարական աշխարհակարգի ձեւավորման հարցում երկու երկրների մոտեցումների նմանությունը», – հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: Ալեքսեյ Մեշկովը եւ Աշոտ Ոսկանյանը հատկանշել են փոխադարձ շահագրգռվածությունը Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ վերլուծական ստորաբաժանումների միջեւ շփումների ընդլայնման մեջ, «ինչը լիովին համապատասխանում է միջազգային ասպարեզում երկու երկների փոխգործակցության ներկա բարձր մակարդակին»: