AM
7 October 2003 - 14:04 AMT

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՆԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ԹԵՄԱՆ

Թուրքիայում ստեղծված «Պատմություն հանուն խաղաղության» խմբի անդամները փորձում են հակազդել «Հայերի, Պոնտոսի հույների եւ սիրիացիների գաղափարների սնանկության» թեման դպրոցական դասագրքերում առավել ընդգրկուն ներկայացնելու երկրի կրթության նախարարության նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Հայթերթ» էլեկտրոնային սայթը, օրերս խմբի անդամները լրագրողներին հայտարարել են, թե իրենց նպատակն է «պատմության ուսուցման ընթացքում թշնամանքի ու խտրականության» բացառումը: Նրանց կարծիքով, նման վիճահարույց եւ նուրբ թեմաների մատուցման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել ՄԱԿ-ի սկզբունքները` հարգանքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ժողովուրդների միջեւ փոխըմբռնումը, համաձայնությունը, փոխվստահությունը: Իսկ թուրք պաշտոնյաների գործողությունները հակառակ բնույթն են կրում: Որպես օրինակ նրանք նշել են պատմության դասագրքերում ավելացված պարբերությունները, որոնցից մեկում, մասնավորապես, ասվում է «հայերի կողմից իրագործված կոտորածի, զանգվածային սպանությունների» մասին եւ նշվում է, թե «այսօր էլ հայերը Թուրքիայի նկատմամբ իրենց նկրտումներն իրագործելու համար, ժամանակ առ ժամանակ իրականությունից հեռու գաղափարներ արծարծելով, շարունակում են Թուրքիայի նկատմամբ թշնամական գործողությունները»: Խմբի անդամները համոզված են, որ նման արտահայտությունները վնասակար են երեխաների գիտակցության համար եւ կարող են թշնամանք սերմանել նրանց շրջանում: Նույն աղբյուրի համաձայն, խմբի անդամները հրապարակել են մի հայտարարություն, որում պահանջում են անհապաղ դադարեցնել նախարարության վերը նշված որոշումների կիրառումը եւ դասագրքերից հանել նման պարբերությունները: Նշվում է նաեւ, որ մանկավարժներից, պատմաբաններից, իրավաբաններից եւ իրավապաշտպաններից կազմված «Պատմություն հանուն խաղաղության» խումբը վայելում է Թուրքիայի պատմության հիմնադրամի, Հելսինկիի քաղաքացիական ասոցիացիայի, Թուրքիայի Կրթության եւ գիտության աշխատողների արհմիության եւ Մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի Ստամբուլի բաժանմունքի աջակցությունը: