AM
7 February 2012 - 10:11 AMT

Թուրքը դատի է տվել Ֆրանսիայի նախագահին, Ֆրանսիայի հանրապետությանը և հայ համայնքին

Թուրքական Գազիանթեպ քաղաքի 57-ամյա բնակիչ Ահմեդ Ղարադաղը դատի է տվել Ֆրանսիայի նախագահին, Ֆրանսիայի հանրապետությանը և հայ համայնքին և Ստամբուլի 4 հայկական հիմնադրամներին: Թուրքը փոխհատուցում է պահանջում:

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ը, Ահմեդ Ղարադաղը «ցնցված» էր Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ, և իրավունք ունի Ֆրանսիայից փոխհատուցում պահանջել: Քաղաքացիական հարցերով Գազիթեպի 4-րդ դատարանը ընդունել է Ղարադաղի հայցը:

Ղարադաղը պնդում է, որ 1919-1920թթ ֆրանսիացիները սպանել են իր պապին, յուրացրել են նրա 25 ուղտերը և 3,5 կգ ոսկի: Թուրքիայի Քաղաքացիական օրենսգրքի համաձայն այդ հանցագործությունների վաղեմության ժամկետն անցել է: Հաշվի առնելով միջազգային իրավունքը, անիմաստ է խոսել վաղեմության մասին: Այս մասին հայտնում են հայկական ԶԼՄ-ը: Փաստաթղթում հայերը մեղադրվում են թուրքերին թալանելու և սպանելու մեջ, ֆրանսիացիներին օգնելու և աջակցելու մեջ, ուստի հայցը վերաբերում է նաև Ֆրանսիայի հայ համայնքին և Ստամբուլի 4 հայկական հիմնադրամներին:

Ընդգծվում է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագիծը ծանր բարոյական հարված է թուրք ազգի համար, ինչի համար հայցվոր կողմը պահանջում է 10 հազար եվրո ֆիզիկական և 5 հազար բարոյական վնասի համար:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Որոշ ֆրանսիացի սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ` բանաձևը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կկայացնի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է նոր օրինագիծ շրջանառել, եթե Սահմանադրական դատարանը հունվարի 23-ին ընդունված օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչի: