Թուրքիայի իշխանություններն «անցանկալի» են հայտարարել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլեն Քալմի-Ռեյի առաջիկա այցն Անկարա: Ինչպես Շվեյցարիայի դեսպանին հայտարարվել է Թուրքիայի ԱԳՆ-ում, նման որոշման պատճառ է դարձել Շվեյցարիայի Վո կանտոնի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին վերջերս կայացված որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, շվեյցարական կողմի պատասխան նոտայում ասվում է, որ Ժնեւում ծայրաստիճան զարմացած են եւ դժգոհ` Անկարայի նման դիրքորոշումից: Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիայի տվյալ որոշումը «ծայրաստիճան բարդ, եթե ոչ անհնարին» կդարձնի երկու երկրների միջեւ երկխոսության շարունակությունը: Հիշեցնենք, որ Վո կանտոնը դարձավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող երկրորդ շվեյցարական կանտոնը` Ժնեւից հետո: