AM
27 September 2003 - 16:08 AMT

ԵՐԵՎԱՆԸ ԿՈՂՄ Է ԼԻՏՎԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ «3+3» ՉԱՓԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանը դրական է գնահատում Լիտվայի նախաձեռնությունը «3+3» չափակարգով, որը նախատեսում է փոխգործակցություն Բալթիայի երեք երկրների եւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջեւ: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: Նրա խոսքերով` Հայաստանը բաց է ցանկացած համագործակցության համար: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «անհրաժեշտ է հաղթահարել Ադրբեջանի դիմակայությունը եւ փորձել ներգրավել Բաքվին համագործակցության տարբեր տեսակի չափակարգերում, որը կօժանդակի կանխակալության վերացմանն ու փոխվստահության հաստատմանը եւ դրական կանդրադառնա հակամարտությունների կարգավորման գործընթացին»: «3+3» չափակարգը մեզ համար ընդունելի է, ինչպես նաեւ մյուս` Հայաստանի եվրոպական կառույցներում ինտեգրմանն օժանդակող չափակարգերը, ասել է Ռ. Շուգարյանը: Ընդսիմն, փոխնախարարն անհիմն է անվանել որոշ մեկնաբանների հայտարարություններն այն մասին, որ «Հարավային Կովկասի գործընթացներում ներգրավվելու Լիտվայի ձգտումը ոչ այլ ինչ է, քան նոր «ծառայություն» ԱՄՆ-ին` ի իրականացում Վաշինգտոնի ծրագրերին` Ռուսաստանին Անդրկովկասից դուրսմղելու առումով: Նախ եւ առաջ, նրա խոսքերով, Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ հաստատված է այնպիսի երկկողմ հարաբերությունների օրակարգ, որը թույլ է տալիս բոլոր հարցերը քննարկել ուղղակիորեն, առանց որեւէ միջնորդների: Այդ տեսակետը հնացել է նաեւ այն պատճառով, որ վերջին տարիներին ԱՄՆ եւ Ռուսաստանի մոտեցումները Կովկասին առնչվող հարցերում զգալի մոտեցել են: Բացի այդ, ավելացրել է հայ դիվանագետը, Լիտվան չի կարող խաղալիք դառնալ ԱՄՆ ձեռքին այն պարզ պատճառով, որ այդ բալթյան երկրի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել դրական տարածաշրջանային երկխոսության եւ նույնիսկ ամենախճճված հարցերը քաղաքական մեթոդներով լուծելու օգտին: