Ոչ մի երկրի քաղաքական գործիչները չպետք է լուծեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան թուրքական Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում: «Դա քաղաքական գործիչների գործը չէ՝ բնութագրել այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն կամ ոչ»,-ասել է նա Ըստ Բրայզայի, այժմ այդ հարցը «միակողմանի բնույթ է կրում»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:
Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: