Ֆրանսիայի Սեանտի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ցույց է տալիս, որ Ֆրանսիան «հակամարտության կողմերից մեկի կողմն է վերցրել»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռաջիփ Թայիփ Էրդողանը:
ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում թուրք վարչապետը հայտարարել է, թե «Հայաստան կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այնպիսի հայտարարություններ արեց, որոնք ցույց են տալիս, որ նա սատարում է հակամարտության կողմերից մեկին»:
Ըստ Էրդողանի, Ֆրանսիան «պետք է հեռանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնից»: Նա գտնում է նաև, որ ՄԱԿ ԱԽ-ն կարող է առավել ակտիվ մասնակցել հակամարտության հանգուցալուծմանը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:
Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: