AM
14 February 2012 - 10:46 AMT

Դինքի գործը վարող Ստամբուլի դատարանը փորձում է «շտկել» իր սխալները

Ստամբուլի դատարանում դատական լսում է տեղի ունեցել Ջոշքուն Իիջիի գործով, որը մեղադրվում է «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ, գրում են թուրքական լրատվամիջոցները: Մասնավորապես, Իիջին մեղադրվում է Յասին Հայալին սադրելու մեջ, որպեսզի վերջինս գնի այն զենքը, որից սպանվեց Դինքը: Իիջիի գործը բաց էր թողնվել լրագրողի սպանության գործով ընդհանուր դատավարությունից, ինչը այսօր առանձին նիստ անցկացնելու պատճառ էր դարձել: Իիջին դատարանում հայտնել է, որ Դինքի սպանությունից դեռևս 4 ամիս առաջ Տրապիզոնի ոստիկանությանը հաղորդել է դրա նախապատրաստման մասին:

«Ես մեղավոր չեմ»,- նկատել է Իիջին` նշելով այն ոստիկանների անունները, որոնց ինքը հաղորդել է այդ տեղեկատվությունը: Նրանք էին Ալի Օզը, Մեթին Յըլդըզը, Օրհան Շիմշեքը և Վեյսել Շահինը:

Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին:

Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: