AM
2 September 2003 - 18:18 AMT

ԵԱՀԿ-Ն ԿԱԿՏՎԱՑՆԻ ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

ԵԱՀԿ-ն ակտիվորեն կզբաղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչ Ամբրուազ Դյուպոնը նախորդ օրը Բաքվում Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆակս» գործակալությունը, Ի. Ալիեւն, իր հերթին, ցանկություն է հայտնել, որպեսզի «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներից մեկը Ֆրանսիան է, ակտիվացնի իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Ա. Դյուպոնը նաեւ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավարը մինչեւ տարեվերջ մտադիր է այցելել Հարավային Կովկասի երկրներ: