AM
7 January 2004 - 14:15 AMT

ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿԻՆՈՆԿԱՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ատոմ էգոյանի «Արարատ» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, հունվարի 16-ին կցուցադրվի Թուրքիայում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի նախարար Էրքան Մումջուն: Ընդ որում, նրա խոսքերով, Ֆիլմից նախատեսվում է դուրս թողնել մի քանի դրվագ, որոնք թուրքական կողմի կարծիքով, նվաստացուցիչ տեսարաններ են պարունակում: Մինչդեռ, այդ ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում վերածվում է լուրջ քաղաքական խնդրի: Ինչպես օրերս հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները, ֆիլմի ցուցադրության իրավունքը գնած «Բելգե» ընկերությունը առայժմ ձեռնպահ է մնում դրա ցուցադրությունից տեղական կինոթատրոններում ազգայնական կազմակերպությունների բողոքի հետեւանքով: Ընկերության տնօրեն Սաբահաթին Չեթինը նշել է, որ ցուցադրման առնչությամբ անձնապես իրեն ուղղված սպառնալիքներ չեն եղել, բայց մի քանի կինոսրահների ղեկավարների հասցեին տագնապալի ուղղերձներ են հղվել: Ըստ այդմ, նրա խոսքերով, նախատեսվում է ցուցադրման դեպքում ուժեղացնել կինոսրահների պահպանությունը: Իր հերթին գաղափարապաշտների առաջնորդ Լեւենթ Թեմիզը հայտարարել է, որ իրենք ամեն ինչ կանեն Թուրքիայում ֆիլմի ցուցադրությանը խանգարելու համար: