Հայաստանի տնտեսությունը ճանաչվել է «հիմնականում ոչ ազատ»: Ինչպես հաղորդում է «Washington Profile» գործակալությունը, այդ մասին ասվում է «Heritage Foundation» կազմակերպության հետազոտության արդյունքում կազմված Տնտեսական ազատության ինդեքսի հերթական հրապարակման մեջ: Աղբյուրի համաձայն, առավել ազատ տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակում են` Հոնկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն: Նախկին խորհրդային հանրապետություններից Լիտվան եւ Լատվիան դասվել են «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող պետությունների շարքին: «Հիմնականում ոչ ազատ» են ճանաչվել, Հայաստանի (44-րդ տեղը կիսել է Ֆրանսիայի հետ), Վրաստանի (91), Ադրբեջանի (106), Ռուսաստանի (114), Ուկրաինայի (117) տնտեսությունները: Բելառուսի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի տնտեսությունները ճանաչվել են «ռեպրեսիվ»: Ինդեքսը կազմելիս հաշվի են առնվել հետեւյալ չափանիշները` առեւտուր, հարկային քաղաքականություն, իշխանության ազդեցությունը տնտեսության վրա, ներդրումների ծավալները, ֆինանսական ծառայությունների շուկայի վիճակը, գնային կարգավորումը, սեփականության իրավունքների պաշտպանությունը, իրավիճակը «սեւ շուկայում» եւ այլն: