Ամերիկահայ հրապարակախոս, The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպայի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշի վերջին հայտարարությունների մասին:
«Քաջագործություն չէ դիվանագիտական անձեռնմխելիության քողի տակ թաքնվելը և Դոն Քիշոտյան հայտարարություններ անելը` ձեռնոց նետելով այլ երկրների օրենքներին»,- գրում է Սասունյանը:
Ընդ որում, հեղինակը հայտնում է, որ եթե նախարար Բաղըշը լիներ իրական մաչո, նախ կհրաժարվեր իր անձեռնմխելիությունից, ապա կգնար Շվեյցարիա հրապարակավ հերքելու համար Հայոց ցեղասպանությունը։ Սասունյանն ընդգծում է, որ նախարարի արտահայտություններն այնքան կանխատեսելի են դարձել, որ կարելի է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների նոր կարգ սահմանել` անվանելով «բաղըշիզմներ»:
Բացի այդ, Սասունյանը հեգնանքով թուրքական իշխանություններին առաջարկել է բոլոր քաղաքացիներին օժտել իմունիտետով, որպեսզի նրանք հանգիստ ժխտեն Հայոց ցեղասպանությունը` չվախենալով իրավաբանական պատասխանատվության ենթարկվելուց:
Վերջերս Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգմեն Բաղըշը հեռուստահարցազրույցում պատմել է իր դեմ Շվեյցարիայում սկսված հետաքննության մասին` կապված Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Նա խոսել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման և ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայանալիք ելույթի մասին:
Բաղըշը խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահին Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի համար` ընդգծելով, որ Սահմանադրական խորհուրդը «պետք է չեղյալ համարի» այն:
Մեկնաբանելով Շվեյցարիայում իրականացվող հետաքննությունը` Բաղըշը հայտարարել է, որ այն դեռ նախնական փուլում է և ինքը հանգիստ կարող է այցելել այդ երկիր, քանի որ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կձերբակալի թուրք նախարարին:
Շվեյցարիայում հետաքննություն են սկսել հենց Բաղըշի գործով: Գործը բացվել է համաձայն Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածի, ըստ որի նա մեղադրվում է ռասիստական արտահայտությունների մեջ: Մասնավորապես, Դավոսի տնտեսական համաժողովում նա իրեն թույլ է տվել նկատել, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»:
Ցյուրիխյան շրջանի գլխավոր դատավոր Կրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը հայտարարել է, որ գործը մինչև վերջ հետաքննելու է, սակայն դրա հետ ընդգծել է, որ հետաքննության ընթացքում հարկավոր է «հաշվի առնել թուրքական նախարարի դիվանագիտական իմունիտետը»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: