ԱՄՆ Սենատի անդամները միաձայն հավանություն են տվել օրինագծին, համաձայն որի Կալիֆորնիա նահանգում ապրիլի 24-ը կնշվի որպես 1915 թվականի հայերի ցեղասպանության հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Fresnobee» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, չնայած նրան, որ ԱՄՆ որոշ նահանգների օրենսդիր մարմինները ճանաչել են 88 տարի առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանդը, ԱՄՆ Կոնգրեսը գտնում է, որ Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների վրա: Հոդվածի համաձայն, Կալիֆորնիա նահանգում բնակվում է ավելի քան 500 հազար հայ, որոնցից շատերը կորցրել են իրենց ընտանիքների անդամներին 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի ժամանակ: Օրինագծի քննարկման ընթացքում Թուրքական մշակութային կազմակերպության ներկայացուցիչ Քարաչան Մեթեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման դեմ, որի հեղինակը սենատոր Չաք Փուչիգյանն է: Մեթեն առաջարկել է նոր բանաձեւ մշակել, որում չի օգտագործվի «ցեղասպանություն» տերմինը, եւ որը ճանաչում է նաեւ այլ էթնիկ խմբերի ոչնչացումն Օսմանյան Թուրքիայի վերջին օրերին: Այդ հայտարարությանն ի պատասխան Չաք Փուչիգյանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հերքումը ոչ պակաս, քան պետության կողմից հովանավորվող ռեւիզիոնիզմ է: Նրա խոսքերով, հայերի սիստեմատիկ բնաջնջման փաստը Օսմանյան Թուրքիայում հաստատված է բազմաթիվ գիտնականների եւ պատմաբանների կողմից: