1984 թվականից Կանադայում գործող Զորյանի ժամանակակից հայկական հետազոտությունների եւ փաստագրության ինստիտուտն օրերս հայտարարել է նոր մասնաճյուղի` Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ստեղծման մասին: Զորյանի ինստիտուտի հաղորդման համաձայն, մասնաճյուղը զբաղվում է ցեղասպանության եւ մարդու իրավունքների վերաբերյալ հատուկ Համալսարանական ծրագրի կազմակերպմամբ եւ իրագործմամբ, եւ այդ առնչությամբ կապեր է հաստատում աշխարհի տարբեր համալսարանների հետ: Նշենք, որ ծրագիրը իրենից ներկայացնում է հատուկ դասընթացներ, որոնք անցկացվում են Տորոնտոյում եւ կենտրոնացված են ցեղասպանությանն առնչվող հարցերի վրա: