Հայաստանը պատրաստ է աջակցել Իրաքի ետպատերազմյան վերականգնմանը եւ կայունացմանը այդ երկրում: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, հանդես գալով Վաշինգտոնում ի պատիվ ԱՄՆ կոնգրեսի անդամների Ամերիկայի Հայկական Համագումարի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ: Իր խոսքում դեսպանը անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Հայաստանը բարձր է գնահատում այդ հիմնահարցի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը», – ասել է նա: Դիվանագետը կրկին անգամ հաստատել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը` նշելով, որ դրա համար անհրաժեշտ է, որ «բոլոր հակամարտող կողմերը պարտավորություններ ստանձնեն, իսկ միջազգային հանրությունը ջանքեր գործադրի, որոնք կուղղվեն տարածաշրջանային նախագծերի իրականացմանը»: