ԱՄՆ կոնգրեսական Հովարդ Բերմանը Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հայտարարությամբ:
«Վերջին ժամանակների ամենավտանգավոր միտումներից մեկը Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումն է և Հայաստանի հասցեին ռազմատենչ հայտարարությունները»,-հայտարարել է Բերմանը:
Ըստ նրա, բոլորը գիտեն, որ Հայոց ցեղասպանություն է եղել, սակայն շատերը չգիտեն Ադրբեջանի տարածքում հայերի էթնիկ զտումների մասին:
«Հավանաբար, Ադրբեջանը մտադիր է ոչնչացնել հայերի մշակութային ժառանգությունը, երկրում դրա գոյության բոլոր նշանները: Այս մասին վկայում է 2005թ տեսագրությունը, որում պարզ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ոչնչացնում հայկական մշակութային կոթողները»,-հավելել է նա:
Բերմանը նաև հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: « ԱՄՆ վարչակազմը պետք է կրկնապատկի ջանքերը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման համար»,- ընդգծել է Բերմանը: