Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման նախօրյակին զանգվածային ցույց էր կազմակերպվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որը կոչված էր ցույց տալու Թուրքիայի ուժը հայերին, PanARMENIAN.Net-ին է հայտարարել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքով, օգտագործված թեման այս պարագային Խոջալուն էր. որի դատապարտման համար թուրքական աննախադեպ տարողությամբ ցույց էր պետք եւ որի ընթացքում հայատյացության աստիճանաչափը նոր մրցանիշեր պետք է արձանագրեր: «Խոջալուի դատապարտման նպատակով Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենան միաժամանակ թե՛ Բաքվում եւ թե՛ Ստամբուլում կազմակերպած էր աննախընթաց տարողությամբ ցույցեր, հայտնապես թիրախ ունենալով ոչ միայն Խոջալուի դատապարտումը: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը ստացել էր անհրաժեշտ պատգամը` «սեւ ծաղկեպսակը»ը: Ստամբուլում ընկերվարական ադրբեջանցիների շարժումը պահանջել է չշահարկել Խոջալուն Հայոց ցեղասպանությունը ժխտելու պահանջներում: Խնդիրը այստեղ, ավելի վերաբերվում է Խոջալուի առաջնահերթությունը չստվերելու համաադրբեջանական մոտեցումին, ինչ որ իր հերթին բացահայտում է Խոջալուի պատրվակով ժխտողական քաղաքականության ներկա արարը լիարժեք օգտագործելու պաշտոնական Անկարայի քաղաքականությունը»,-ասել է նա:
«Արժի մի անգամ ևս ընդգծել ներֆրանսիական հակասությունները, պարզապես լույս սփռելու համար Սահմանադրական խորհուրդի զուտ քաղաքական գրաքննության վրա: Միայն այն հարցումը` թե ինչպե՞ս սահմանադրական կարելի է համարել հրեական ողջակիզումը ժխտող Կեսոյի օրենքը եւ հակասահմանադրական հայտարարել Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանչցված Ցեղասպանությունների ժխտումը պատժելի դարձնող օրինագիծը, բավարար է համոզվելու, որ կատարվածը ոչ թե սահմանդրական արգելակում է, այլ քաղաքական գրաքննություն: Հայկական կողմի համար ցավ է անշուշտ նկատելը, որ Ցեղասպանությունը հերթական անգամ խաղաթուղթ է մարտավարական ժամանակավոր խաղեր իրականացնելու համար: Այդ խաղի հերթական արարը նոր օրինագծի խոստումն է, մշակումը եւ նույն ընթացակարգի վերամեկնարկը»,-ասել է «Ազդակի» խմբագիրը:
«Հայկական կողմը, հեռու` երախտագիտական հուզականությունից կամ հիասթափության նոր ալիքներից, Ֆրանսիայի ներքին եւ արտաքին քաղաքականության ընդհանուր պատկերի մեջ դիտելով խնդիրը, պարզապես քաղաքական նպաստավոր պահերին քարոզչաքաղաքական ազդեցիկ գործողություններ իրականացնելու համար դիրքերը պահելու անհրաժեշտության առջև է:
Մանավանդ, որ Ֆրանսիան մեկ անգամ ևս պարզ դարձրեց, որ սահմանադրական եւ իրավական խնդիրները քաղաքական պահի ազդեցության տակ որոշվելիք հարցեր են»,-ասել է Շահան Քանդահարյանը: Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:
Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: