AM
4 February 2004 - 13:52 AMT

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ» ԹԵՐԹԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԵՐԿԻՄԱՍՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ

Հայտնի ամերիկահայ պատմաբան եւ հրապարակախոս Պիտեր Բալաքյանը եւ 2003 թվականի Պուլտցերյան մրցանակի դափնեկիր, գրող Սամանթա Փաուերը հանդես են եկել քննադատությամբ «Նյու Յորք Թայմս» թերթի հասցեին` վերջինիս Հայոց ցեղասպանության պատմական եղելության մասին երկիմաստ, ոչ միանշանակ արտահայտությունների համար: Հունվարի 20-ին Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի գրախոսականում թերթը գրել էր, թե «հայ եւ թուրք պատմաբանները միանգամայն տարբեր գնահատականներ են տալիս 1915թ-ի դեպքերին»: «Նյու Յորք թայմսի» գլխավոր խմբագրին ուղղված համատեղ նամակում, որն այնուհետեւ տպագրվել է թերթում, Բալաքյանը եւ Փաուերը ընդգծել են, որ անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդը աշխարհի փորձագետ-պատմաբանների կողմից որակվում է իբրեւ ցեղասպանություն: «Օսմանյան կառավարության կողմից քրիստոնյա հայերի հետեւողական ոչնչացումը խլեց 1 միլիոնից ավելի կյանք»,- ասվում է նամակում: Եւս 1 միլիոն հայ վերապրեցին տարհանում: Միաժամանակ նամակի հեղինակները նշում են, որ 1915թ-ի ընթացքում նույն «Նյու Յորք թայմսը» 145 անգամ անդրադարձել է Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման թեմային` կատարվածը որակելով որպես «այդ երկրի կառավարության կողմից ծրագրված հետեողական էթնիկ բնաջնջում»: