AM
10 February 2004 - 18:17 AMT

19-ԱՄՅԱ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ «ԺԻԳՈՒԼԻՆ» ԲԱԽՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴՍՏԵՐ «ԱՈՒԴԻԻՆ»

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովի դուստրը փետրվարի 8-ին ավտովթարի է ենթարկվել Մոսկվայի արեւմտյան մասում: Նատալյա Կասյանովայի ավտոմեքենային եւ նրան ուղեկցող ՌԴ նախագահի աշխատակազմի ավտոբազայի մեքենային է բախվել 19-ամյա հայաստանցու «ՎԱԶ-2109» ավտոմեքենան: Ինչպես տեղեկացրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, վերջինս ավտոտեսուչներին բացատրել է, որ ինքն էլ երթեւեկության կանոնները խախտման զոհ է դարձել` իր «ժիգուլիին» հետեւից բախվել է մի «Դեու-Նեքսիա», որն անմիջապես հեռացել է դեպքի վայրից: Ստացած հարվածն այնքան ուժեղ է եղել, որ հայի «ժիգուլին» մտել է հանդիպակաց գիծ, որտեղով այդ պահին անցնելուց է եղել ՌԴ վարչապետի դուստրն իր «Աուդի-ՏՏ»-ով: Սակայն Նատալյա Կասյանովան շատ չի տուժել: Հիմնական հարվածն ընդունել է նրան ուղեկցող «BMW-525»-ը: Իսկ բոլորից շատ տուժել է հայի «ժիգուլին»: Իրավապահները դեռ պիտի պարզեն վթարի պատճառները: Ոստիկաններից պահանջվում է գտնել հանելուկային «Դեու-Նեքսիան»: Բնական է, գրում է թերթը, իրավապահները չեն բացառում նաեւ կանխամտածված բախման վարկածը: