AM
6 March 2012 - 10:52 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն ձգտում է օգնել կողմերին մշակել ղարաբաղյան կարգավորման շրջանակները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը (Լեհաստան) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու կատարած այցի ավարտին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ համանախագահները կողմերին են ներկայացրել հունվարի 23-ին Հայաստանի, Ռուասստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում արած հայտարարությունը կյանքի կոչելու պլանը:

Հիմնվելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պարտավորությունների վրա հիմնարար սկզբունքների շուրջ շուտափույթ համաձայնության հասնելու վերաբերյալ՝ համանախագահները օգնության միջոցներ են առաջարկել կողմերին ՝ ղարաբաղյան կարգավորման շրջանակների սահմանման աշխատանքն առաջ մղելու հարցում:

Համանախագահները նաև քննարկել են շփման գծում միջադեպերի հետաքննության աշխատանքները շարունակելու վերաբերյալ պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր: Նրանք հայտնել են, որ խնդրել են ԵԱՀԿ-ին, որ Պլանավորման խումբը զբաղվի մեխանիզմների զարգացմամբ, որը կարևոր միջոց է հակամարտության գոտում կայունության ամրապնդման ու վստահության բարձրացման առումով:

Բացի այդ համանախագահները քննարկել են հումանիտար հարցեր, մասնավորապես երկու ժողովրդների միջև շփումների հաստատման ուղղությամբ, ինչը կնպաստին տարածաշրջանի ժողովրդների միջև փոխըմբռնման զարգացմանը:

Մարտի 22-ին համանախագահները մտադիր են մեկնել Վիեննա, որտեղ կիրազեկեն ԵԱՀԿ Մշտական խորհրդին ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող վերջին քայլերի մասին: