ԵԱՀԿ Մինսկի խումբը այս տարիներին ակտիվորեն օգնել է հակամարտության կողմերին մոտենալ խնդրի լուծմանը, Բաքվում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու խմբի գործունեության 20 տարում առաջընթաց չի գրանցվել, Պոպովն ասել է. «Գտնում եմ, որ դա սխալ կարծիք է: Ես իմ մյուս հարցազրույցներում ևս ասել եմ, որ մենք շատ բան ենք արել խաղաղ պայմանագրի կնքման համար»,-ասել է դիվանագետը:
Նշելով, որ վերջերս աշխատանք է տարվում հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ուղղությամբ, Պոպովը հավելել է, որ այդ հարցը քննարկվել է Սոչիում նախագահների վերջին հանդիպման ժամանակ: «Այդ հանդիպմանը Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հաստատել են այդ փաստաթղթի նախապատրաստումը արագացնելու պատրաստակամությունը: Մեկ այլ կարևոր պահն այն է, որ 20 տարի շարունակ թույլ չենք տվել, որ հակամարտությունը թեժանա»,-ասել է Պոպովը:
Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում համանախագահները փորձում են արդյունավետ գործել, հասնելու համար հավասարակշռված արդյունքների: «Եթե որևէ կազմակերպություն ցանկանում է օգնել մեզ այդ հարցում, մենք հարգանքով ենք մոտենում այդ ցանկությանը»,-ասել է ֆրանսիացի դիվանագետը: